Lydian
International ընկերությունը խոստացել է
օժանդակել աշխատանքի տեղական զարգացմանը: Այս մասին այսօր հայտարարել է
ընկերության փոխանագահ Դիդյե Ֆոկենը, «Հայաստանի
պատասխանատու լեռնահումքային արդյունաբերության կայացումը. հնարավորություններ և
մարտահրավերներ» խորագրով միջազգային կոնֆերանսում:
Ֆոլենը հիշեցրել
է, որ ընկերությունը մշակել է Ամուլսարի հանքավայրի շրջակայքում գտնվող մի քանի
գյուղական համայնքների զարգացման ծրագրեր: Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է
կադրերի վերապատրաստում, ինչը կնպաստի աշխատանքի տեղական շուկայի զարգացմանը:
Խոսելով
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին, Ֆոլենը նշել է, որ այն մշակվել է
սոցիալական և տնտեսական ասպեկտներից ելնելով: Մասնավորապես, հանքավայրի
շահագործումը բացասական ազդցություն չի ունենա Սևանա լճի վրա: Փոխնախագահը
հանրությանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ ջրային ռեսուրսների
դիտարկումներին, նշելով թափանցիկության և երկխոսության կարևորությունն այդ
հարցում:
Նշենք, որ
Ամուլսարի ոսկու հանքավայրը միակ հայտնաբերված հանքավայրն է Հայաստանում` ԽՍՀՄ
փլուզումից հետո: «Գեոթիմի» միակ բաժնետերն է Lydian
International ընկերությունը: 2009
թվականին Lydian International ընկերության բաժնետեր դարձավ նաև EBRD-ն, որի բաժնեմասը 2012 թվականի մարտի
21-ին կազմեց 6.80%, իսկ բաժնետոմսերի 10.23%-ը պատկանում է IFC-ին, որը
հանդիսանում է ՀԲ խմբի անդամ:
Ավելի
վաղ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել էր, որ Ամուլսարի
հանքավայրի շահագործման ծրագիրը պետք է դառնա լավագույնն աշխարհում: Նրա խոսքով,
դա ենթադրում է նոր տեխնոլոգիաների կիրառում, բնապահպանական լավագույն
միջոցառումների իրականացում, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության
առավելագույն չափով նվազեցում: