Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի
սրումը քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի
և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած
եռակողմ հանդիպման ընթաղցքում: Այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ վերջրն միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է: «Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է: Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել՝ առավել ևս, որ նախկինում՝ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում», - ասել է Ս.Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նաև
ընդգծել է, որ ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշոտթւոյւն չկա: «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա», - ասել է նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ դիրքորոշմանը
հակամարտության գոտում իրավիճակի սրման շրջանում` Սարգսյանը հավաստիացրել է, որ
տվյալ փուլում կազմակերպության միջամտության անհրաժեշտություն չի պահանջվել: Նա
նաև հավելել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչը
նույնպես իր անդամներին կազմակերպության նվիրվածության ապացույց է:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին
հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին` Սարգսյանը նկատել է, որ հայ
հասարակությունը, այդ թվում` ընդդիմությունը ճիշտ կողմնորոշվեց: «Բայց այստեղ մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ: Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ», - նշել է Սարգսյանը:
Անդրադառնալով
Բաքվի ռազմաշունչ սպառնալիքներին` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և դրանք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: «Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն», -
հայտարարել է Սարգսյանը: