Շուրջ 40 երկիր արդեն հայտարարել է Մաքսային միությանը և Ազատ առևտրի գոտուն միանալու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Թրենդը», մայիսի 29-ին Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Եվրասիական ինտեգրման ինստիտուտի տնօրեն Ժանարգուլ Կուսմանգալիևան: Նրա ասելով, այդ երկրների թվում են Թուրքիան, Հնդկաստանը, Նոր Զելանդիան, Վիետնամը:
Նրա ասելով, համագործակցություն է հաստատվում նաև այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը, Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը: «Սակայն սա դեռ ամենը չէ: Եվրասիական տնտեսական միության հետ առանց խոչընդոտի առևտուր հաստատելու նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև Հարավային Ամերիկայի խոշորագույն տնտեսական միավորում MERCOSUR-ը»,- ասել է Կուսմանգալիևան:
Ինստիտուտի ղեկավարը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց նախագիծ է, որը ենթադրում է համագործակցություն այլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ և նոր երկրների անդամակացում: