Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ընդառաջել մարզերի ուսանողներին, որոնց համար ձյան առատ տեղումները կարող են խնդիրներ հարուցել քննական շրջանում:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում նշել է, որ ձյան առատ տեղումները մտահոգություն են հարուցում երկրի մարզերում բնակվող ուսանողների շրջաններում, քանի որ կարող են խոչընդոտ դառնալ մայրաքաղաքի բուհերում քննություններ հանձնելիս: ՙԹող մարզերի այն ուսանողները, որոնք ձյան տեղումների պատճառով չեն կարողացել մասնակցել քննություններին, չանհանգստանան: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է աջակցել բուհերում ծագած խնդիրների լուծմանը՚, - ընդգծել է նա: