Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը
մտահոգություն է հայտնել նախօրեին
ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների առնչությամբ: Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունում ասվում է, որ ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին,
իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: «Հետեւաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ», - նշվում է հայտարարությունում:
Օմբուդսմենը նաև նշում է, որ հավաքի որոշ մասնակիցներ եւս անթույլատրելի վարքագիծ են դրսեւորել, և լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երեւում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին: Անդրեասյանը հիշեցրել է, որ մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք եւ անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշում է, որ
տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին տասնյակ ակտիվիստների ձերբակալմամբ և ծեծկռտուքով էր ավարտվել էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ հադես եկող քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցների ակցիան: Պետք է նշել, որ ոստիկանության շատ սպաներ թույլ են պատրաստված նման ակցիաներին,
հիստերիայի մեջ են հայտնվում, կորցնում ինքնատիրապետումը, ինչը վկայում են նրանց ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Ըստ երևույթին, ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը հարկավոր է ուշադրություն դարձնել տարակուսանք հարուցող այս հանգամանքի վրա:
Միևնույն ժամանակ նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀՀ հեռարձակած
հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել էր, թե երկրում կենսական կարևորություն
ունեցող խնդիրների շուրջ կարծիքների բախումները պետք է տեղի ունենան մամուլի
էջերում և խորհրդարանում և ոչ մի դեպքում չպետք է վերածվեն բախումների ոստիկանների
և ցուցարարների միջև: