Ամերիկայի
հայկական ազգային կոմիտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաև Կոնգրեսին կոչ է
արել ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա
թուրքական գրոհները դադարեցնելու նպատակով:
«Հայաբնակ Քեսաբի վրա թուրքական ստորաբաժանումների
հարձակումն, ըստ էության, հարձակում է ողջ հայ ժողովրդի վրա, և մենք ԱՄՆ
ղեկավարությունից ակնկալում ենք ներգործություն Անկարայի վրա` ապագայում նման
գրոհները կանխելու նպատակով», - հայտարարել է ԱՀԱԿ նախագահ Քեն Խաչիկյանը:
«Թուրքիայի ներկայիս գործողությունները շատ նման են
1915-23թթ. հայերի, Պոնտոսի և Սիրիայի ժողովուրդների բնաջնջման նրա քաղքականությանը»,
- ասվում է Բարաք Օբամային հղված Քեն Խաչիկյանի նամակում:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրքական
ստորաբաժանումները չորս ուղղություններով հարձակվել են Սիրիայի սահմանամերձ Քեսաբ
քաղաքի վրա, որտեղ հայեր են բնակվում: Քաղաքի բնակիչները, զգուշանալով թուրք
գրոհայիններից, քաշվել են լեռները: Միջադեպի առնչությամբ հայտարարություններով
հանդես են եկել ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն: Այդ հարցը Հաագայում իր ելույթում բարձրացրել է
նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` միջազգային հանրությունից պահանջելով
համարժեք գնահատական տալ հայերի նկատմամբ Թուրքիայի գործողություններին: Նախագահի
ելույթում և հայկական ավանդական կուսակցությունների հայտարարություններում
զուգահեռներ են անցկացվել հայերի նկատմամբ Թուրքիայի ներկայիս գործողությունների և
1915-23թթ. Ցեղասպանության միջև:
Սիրիայում
Հայաստանի դեսպանությանը Քեսաբի հայերի խնդիրները լուծելու հրահանգ է տրվել: