Արարատյան դաշտավայրում սկսել են հանդիպել անապատային բույսեր, հաղորդել է ջրային պաշարների հարցերի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը` մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:
Մի քանի տարի առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել էր ձկնային տնտեսություններին 1.496 մլրդ խմ չափ ջուր օգտագործել, թեև Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի վերկանագնվող պաշարը կազմում է 1.226 մլրդ խմ: Արդյունքում` Արարատյան դաշտավայրի 638 արտեզյան ջրհորներից 122 ցամաքել է, և 6200 հա հող մնացել է, գործնականում, առանց ջրի:
Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ, չնայած իրավիճակի կայունացման համար ձեռնարկվող քայլերին (օրինակ, ապօրինի արտեզյան ջրհորների փակումն ու կոնսերվացումը), Արարատյան դաշտավայրում առկա պատկերը բնավ կատարյալ չէ:
«Վերջին երկու տարում այստեղ սկսել են հանդիպել անապատային բույսերի մի քանի տեսակներ», - հաղորդել է նա:
Անդրադառնալով Հայաստանի ջրային պաշարներին առնչվող իրավիճակին` փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հանրապետության ջրամատակարարման և ոռոգման համակարգերում արձանագրվում են զգալի կորուստներ: Մինչդեռ համապատասխան կառույցները չեն շտապում արմատապես շտկել ստեղծված իրավիճակը:
Հովհաննիսյանի ասելով, որոշ շրջաններում արձանագրվում է ոռոգման ջրի դեֆիցիտ, ինչի պատճառով տեղի բնակիչները հարկադրված այգիները ոռոգում են կոյուղաջրերով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է USAID հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման և ձկնային տնտեսությունների կողմից ջրային պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 30 համայնքներ մնացել են առանց խմելու ջրի: Միևնույն ժամանակ, ջրի պակասը կարող է բացասաբար անդրադառնալ գյուղատնտեսության, սոցիալ-տնտեսական և բնապահպանական ոլորտների, ինչպես նաև Մեծամորի ԱԷԿ անվտանգության վրա, որի սառեցման համար օգտագործվում են ստորերկրյա ջրեր:
Արարատի դաշտավայրի ստորերկրյա ջրի աղբյուրների վերականգնման համար վերացվել է 47 արտեզյան ջրհոր, ևս 75-ը կոնսերվացվել է, և 195-ը բերվել է ծորակային ռեժիմի: Բացի այդ, անցկացված բանակցությունների շնորհիվ մի շարք ձկնային տնտեսություններում հաջողվել է հասնել ջրի 20%-ից մինչև 55% խնայողության:
Տարեկան կտրվածքով իրականացվել է 44.1 հազար լիտր/վայրկյան խնայողություն, ինչը կազմում է 1.3 մլրդ խմ ջուր: