Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին:Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա: Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձել են բանակցային գործընթացին առնչվող հարցերին: