ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Լուկինին՝ ռուսական դատարանում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մարդկային արժանապատվության նվաստացման առնչությամբ իրավիճակը պարզելու, ինչպես նաև հնարավորինս նրան աջակցելու խնդրանքով:
ՙՌուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ՚,- ասվում է նամակում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաղորդել է, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը նույնպես փորձում է աջակցություն ցույց տալ ԿԱՄԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին:
Նշենք, որ, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Հարությունյանի պաշտպանությունը չի վիճարկի Մոսկվայի Տվերի դատարանի որոշումը: ՙԽափանման միջոցը մենք չափազանց կոշտ ենք համարում, բայց նա օտարերկրյա պետության քաղաքացի է, մշտական բնակության վայր Ռուսաստանում չունի, այդ պատճառով մենք չէինք ակնկալում, որ նրան բաց կթողնեն՚,- հայտարարել է Հարությունյանի երկու փաստաբաններից մեկը`Էրիկ Չաբանովը: Պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք իր պաշտպանյալը դիմել վերաքննիչ ատյան, փաստաբանն ասել է, որ ՙոչ, նա չի ցանկանում բողոքարկել, քանի որ նրա համար միևնույն է՚:
Փաստաբանների վարկածի համաձայն, Հարությունյանի վարած ԿԱՄԱԶ-ն արգելված էր շահագործել: ՙՀիշյալ տրանսպորտային միջոցը հավաքված է եղել երեք տարբեր մեքենաներից, այն արգելված է եղել շահագործել, սակայն սեփականատեր ընկերությունում Հարությունյանին ասել են խճաքարը տեղափոխել հենց այդ մեքենայով: Իսկ վարորդի պարտականության մեջ չի մտել հետևել մեքենայի տեխնիկական վիճակին, դրանով պետք է զբաղվեր ֆիրմայի ղեկավարությունը՚,- նշել է Չաբանովը`ավելացնելով, որ վթարի պատճառը կարող էր արգելակների խափանումը լինել:
Փաստաբանը հաղորդել է, որ առաջիկա երկու ամիսներին պաշտպանությունը մտադիր է զբաղվել նշված վարկածների ապացուցմամբ, ինչպես նաև պարզել ընկերությունը, որում աշխատել է Հարությունյանը և որը թույլատրել է շահագործել անսարք մեքենան: Միաժամանակ Չաբանովն ասել է, որ պաշտոնապես չգիտի կազմակերպության անվանումը, ոչ պաշտոնապես խոսքը վերաբերում է ՙՍտրոյավտոսերվիս՚ անվանմամբ ընկերությանը: Նա չի բացառել, որ գործում կարող են ի հայտ գալ նաև այլ մեղադրյալներ:
Նշենք, որ Հրաչյա Հարությունյանը Մոսկվայի Տվերի դատարան է տեղափոխվել անմիջապես թիվ 20 քաղաքային հիվանադանոցից` հիվանդանոցային ծաղկավոր խալաթով և ռեզինե հողաթափերով, ինչը հասարակական մեծ արձագանք է գտել ինչպես Ռուսաստանի հայկական համայնքում, այնպես էլ Հայաստանում, ինչպես նաև սոցիալական ցանցերում:
Հարությունյանը կալանքի տակ կգտնվի մինչև սեպտեմբերի 14-ը: ՃՏՊ-ն տեղի է ունեցել հուլիսի 13-ին. ԿԱՄԱԶ-ի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 18, վիրավորվել` ավելի քան 60 մարդ: