Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Ինչպես հաղորդել են Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում, այդպիսի եզրակացության է հանգել ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժինը:
ՙՎերոգրյալը հիմք ընդունելով` 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՚, - ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի սկիզբը Սյունիքի մարզի, ինչպես նաև ողջ Հայաստանի համար նշանավորվեց հերթական ողբերգական միջադեպով` տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ, որն առավել հայտնի է ՙԼիսկա՚ մականունով: Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվցե, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվեցին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն էր, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ ՔՕի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էին Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի հրաժարականը: Ողբերգական միջադեպի արդյունքում տուժած և վիրավորված Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: