Պարզվում է՝ Արկադի Վարդանյանին և նրա ընկեր Արսեն Ավետյանին սկսել են հետևել, կասկածելով, որ նրանք՝ ոչ ավել, ոչ պակաս, պետական հեղաշրջում են նախապատրաստում և որոշել են պայթեցնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին, գրում է ՙՀրապարակ՚ թերթը` Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործին ծանոթանալուց հետո: ՙՄայիսի 18-ից սկսած, երբ ձերբակալվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանը, և հետագայում, երբ ի հայտ եկան նրա և ընկերոջ՝ Արսեն
Ավետյանի զրույցների ձայնագրությունները, հարց առաջացավ, թե ինչու է ԱԱԾ-ն գաղտնալսել Վարդանյանին։ Վարկած կար, որ Արսեն Ավետյանի հորը թունավորելու երկու ընկերների հրեշավոր մտադրության մասին ԱԱԾ-ին է հայտնել հենց Արսեն Ավետյանի հայրը՝ այդ ծրագրի զոհ Ռոբերտ Ավետյանը։ Սակայն հետագայում պարզվեց, որ նա ոչ միայն չի արել նման բան, այլև չի ընդունում, որ իր որդին կարող էր իրեն թունավորել։
Պետական հեղաշրջման նախապատրաստվող փորձի մասին ԱԱԾ-ին հայտնել է ոմն Սամվել Կուռոյան։ Նա հաղորդել է, որ Արկադի Վարդանյանը և նրա ընկերը՝ ՙԱրսեն անունով բարձրահասակ, գեր տղամարդը՚, ահաբեկչական ակտ են նախապատրաստել ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ։ Այս մարդը հետագայում ոչ հարցաքննության է կանչվել, ոչ առերեսումների, ոչ էլ այն մարդիկ են հարցաքննվել, որոնց անունները նա տվել է՚,– գրում է թերթը։
Արկադի Վարդանյանը հայ հասարակայնությանը հայտնի է դեռ 2001 թ.-ից, երբ Ռուսաստանից գալով Հայաստան`փորձել է հասարակական հուզումներ կազմակերպելու ճանապարհով հեղաշրջում իրականացնել և զբաղեցնել հանրապետության նախագահի աթոռը: Սակայն, նա ձերբակալվել է և բանտում անցկացրել մի քանի ամիս: Այնուհետև խափանման միջոցը փոխվել է, և Վարդանյանն ազատ է արձակվել, ինչից հետո լքել է հանրապետությունը: