Վարչապետ
Հովիկ Աբրահամյանը վերջնագիր է ներկայացրել խոշոր բիզնեսին` առաջարկելով մինչև
հուլիսի 1-ը դուրս գալ «ստվերից» և պահպանել ձեռներեցության համար հավասար պայմաններ:
Այդ մասին վարչապետը հայտարարել է մայիսի 15-ի կառավարության նիստում:
Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին տեղեկացնել է, որ երեկ հանդիպել է խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, սահմանել խաղի կանոններ: «Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն», - ասել է վարչապետը:
Կառավարության
կուլուարներում լրագրողները հանդիպել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի
հետ` ստանալոււ վարչապետի հայտարարության մեկնաբանությունը: Նախարարը նշել է, որ
Հայաստանը տնտեսական զարգացման այնպիսի փուլում
է, որ «ստվերի» կրճատման, փոքր և խոշոր բիզնեսի միջև հավասար պայմանների ապահովման
և սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորն ընդունեն նոր «խաղի
պայմանները»: Միևնույն ժամանակ նախարարը
չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է այժմ ստվերային շրջանառության
ծավալը հանրապետությունում և ինչպես է այն կրճատվելու հուլիսի 1-ից հետո: