Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը ղարաբաղյան կողմի վրա որևէ ճնշում չի տեսնում Մինսկի խմբի
միջնորդների կողմից: Այդ մասին նա հայտարարել է «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով վերջին շրջանում բարձրաձայնվող կարծիքները,
թե ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում այսչափ ճնշումներ չեն եղել, հաշվի առնելով միջնորդների, միջազգային հանրության կոչերը,
որոնք ըստ էության հակասում են ղարաբաղյան կողմի դիրքորոշումներին:
Նրա
ասելով, «խոսքը գնում է նորմալ բանակցային գործընթացի, զարգացումների վերաբերյալ»: «Երբ որ գնում է բանակցային գործընթաց, ակնհայտ է, որ թե' կողմերը, թե' համանախագահողները պետք է արտահայտեն իրենց տեսակետները, իրենց մոտեցումները: Եվ այստեղ օգտագործել ճնշում բառը, ես կարծում եմ, տեղին չէ», - հավաստիացրել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչով է բացատրվում այն, որ ԼՂ արտգործնախարարությունը, ի տարբերություն պաշտոնական Երևանի, բավականին կոշտ արձագանքեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի հրապարակած` հակամարտության կարգավորման վեց սկզբունքներին, նախարարն ասել է. «Ես բնական եմ գտնում, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը, այսինքն ոչ թե դիրքորոշումը, այլ որդեգրած ուղին որոշակի տարբերություններ են ունենում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք միակարծիք ենք նպատակի վերաբերյալ, բայց բնական է, որ յուրաքանչյուր կողմը որոշակի ճանապարհ է նախընտրում այդ միասնական ընդհանուր նպատակին հասնելու համար»: