Հայաստանի տնտեսության աճող կախվածությունը երկրի
ընդերքի անխնա շահագործումից լուրջ սպառնալիք
է ազգային անվտանգությանը: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է Հայ
Ազգային Կոնգրեսի խմբակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա
խոսքով, դա շատ վտանգավոր միտում է, ընդ որում, ինչպես տնտեսական, այնպես էլ
բնապահպանական անվտանգության առումով:
«Մենք ընդամենը
վաճառում ենք մեր ազգային հարստությունը և դրա հաշվին ապրում: Ընդ որում,
հանրությանը բաժին է հասնում մեզ պատկանող ռեսուրսների արժեքի ընդամենը մի չնչին
մասը, իսկ գրեթե ողջ հարստությունը բաժին է հասնում աշխարհի տարբեր օֆշորային
գոտիներում գրանցված ինչ-որ ընկերությունների, որոնց ետևում, ինչպես բազմիցս
ապացուցվել է, կանգնած են շատ կոնկրետ պաշտոնյաներ: Այսինքն, տեղի է ունենում
ժողովրդին պատկանող ունեցվածքի բացահայտ թալան, ինչը խրախուսվում է նաև արևմտյան
գերտերությունների կողմից»,-ասել է նա:
Պատգամավորը
կշտամբել է Հայաստանում գտնվող արևմտյան երկրների դեսպաններին, որ նրանք խելացի
տեսքով լեռնահումքային արդյունաբերության ոլորտի մասին կոնֆերանսներ են
անցկացնում, այն ժամանակ, այդ նույն երկրների ընկերություններն
ամենաանպատասխանատու ձևով շահագործում են Հայաստանի ընդերքը: «Մեր ռեսուրսների
գերշահագործմամբ զբաղվող ժողովրդավարական պետությունները ավելի լավ կանեն՝ մեկ այլ
կոնֆերանս կազմակերպեն և պարզաբանեն, թե ինչպե՞ս են ծախսվել այն հսկայական
գումարները, որոնցով պարբերաբար սնուցել են Հայաստանի կոռումպացված իշխանություններին:
Գուցե՞ դրանք հատկացվել են այն նպատակով, որպեսզի հետագայում հեշտությամբ տիրանան
մեր հանրային ունեցվածքին»,-նշեց նա: