Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել` ի պաշտպանություն ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի, որ ձերբակալվել էր նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Նրանց խոսքով, իրենք տեղեկություններ ունեն, որ Հարությունյանին որոշել են տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց:
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Հարությունյանին: Նրա որդի Շահեն Հարությունյանը հայտարարել է, որ իր հայրը հոգեկան խանգարում չունի, և նրա նկատմամբ իրավապահ մարմինների կիրառած մեթոդներն անօրինական են: Նա նաև հայտարարել է, որ ավելի վաղ իրեն արգելել են հանդիպել հոր հետ, ինչը Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնության հնարավոր կիրառման առնչությամբ կասկածներ է առաջացնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին` ժամը 17:30-ին մոտ, ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանի ՙԱնոնիմուսի՚ երթի մասնակիցները ՙհանդիպել են՚ ոստիկանական շղթայի, ինչից հետո տեղի է ունեցել ընդհարում: Գործի են դրվել փայտի մահակներ և դյուրավառ խառնուրդով շշեր: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, չնայած նախազգուշացումներին, Ազատության հրապարակում ակցիայի մասնակիցները կազմակերպել են չարտոնված երթ` խախտելով հասարակական կարգը: Ավելի վաղ Շանթ Հարությունյանը ՙԵս հայտարարում եմ հեղափոխություն՚ պաստառով պիկետ էր անցկացնում Ազատության հրապարակում: Երեկվա ընդհարումների արդյունքում կան տուժածներ: ՙՄոլոտովի կոկտեյլների՚ կիրառման և իրավապահ մարմինների աշխատակիցների համարժեք կոշտ պատասխանների հետևանքով ընդհարումների ընթացքում տուժել է 8 մարդ, որոնց ՙՇտապ օգնության՚ մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ: Ոստիկանությունը ձերբակալել է 20-ից ավելի ակտիվիստների, 14-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: