Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորություն են քննարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովը` նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին նախորդած հանդիպման ընթացքում:
Ղազախստանի վարչապետի համոզմամբ, Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների գործարկումը հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: ՀՀ վարչապետն իր հերթին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ՙբաց երկնքի քաղաքականության՚ որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը: Կողմերը քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում կառավարությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության շրջանակում ազատ առևտրի գոտու շուրջ պայմանագրի իրացումը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և հումանիտար համագործակցության ընթացիկ խնդիրները: