ՀՀ ԱԳՆ-ը պետք է համարժեքորեն արձագանքի Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու փաստին, և միջազգային ասպարեզում օգտագործի դա Ցեղասպանության ճանաչման հարցում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Լիլիթ Գասպարյանը:
Այս փաստը վկայում է այն մասին, որ ժողովրդավարությունը Թուրքիայում շինծու բնույթ է կրում, և այդ երկիրը ազգային և կրոնական խտրականություն է դնում քաղաքացիների միջև: ՙԴա նշանակում է նաև, որ Թուրքիայում շարունակվում է դեռ 1900-ական թթ. սկսած քաղաքականությունը, հետևաբար`Հայոց ցեղասպանության կրկնման հնարավորությունը մեծ է, և հայ դիվանագետները պետք է բարձրացնեն այդ հարցը միջազգային ասապարեզում՚,-նշել է նա:
ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի տնօրեն Արա Պապյանն իր հերթին հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ը ուշ է արձագանքում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և ավելի ու ավելի պասսիվ է դառնում քարոզչական հարցերում: ՙԵվ Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու փաստը հաստատում է, որ այդ երկիրը պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, քանի որ կրոնական և ազգային խտրականություն է դնում իր քաղաքացիների միջև՚,- ասել է նա:
Նշենք, որ ՙԱկոս՚ պարբերականում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ Թուրքիայի կրթության նախարարության Ստամբուլ քաղաքի բաժանմունքի տնօրենի օգնականներից մեկի ստորագրությամբ պաշտոնական գրության մեջ ասվում է, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում պետք է նշված լինի գաղտնի կոդ, որը հույների համար սահմանված է ՙ1՚, հայերի համար` ՙ2՚ և հրեաների համար` ՙ3՚: