2014 թվականի հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետական
ռէկետ է: Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ելույթ ունենալով ոչ
իշխանական կուսակցությունների կողմից կազմակերպված «Ես դեմ եմ» հանրահավաքում:
Նրա խոսքերով,
իշխանությունների հավաստումները, որ այս համակարգը բխում է միայն Հայաստանի
քաղաքացիների շահերից, սուտ են: «Այս համակարգը բխում է միայն իշխանությունների,
կլանի շահերից, որին օդի նման անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ»,-ընդգծել է նա:
Պատգամավորը նաև հասարակությանը կոչ է արել միավորվել, քանի որ, նրա կարծիքով,
միայնակ հնարավոր չէ հասնել հաղթանակի: «Մենք կարող ենք հաղթել միայն համատեղ, և
մենք դա կանենք, ինչպես պետական ռէկետը կանգնեցնելու, այնպես էլ գազային
համաձայնագրերի և այլ հարցերում: Մենք միասին կկառուցենք ուրիշ Հայաստան, որտեղից
մարդիկ չեն հեռանում»,-հայտարարել է Զոհրաբյանը:
Հանդես են եկել
նաև «Ես դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մյուս մասնակիցները: Նրանք ընդգծել
են, որ օրենքը հակասում է երկրի Սահմանադրությանը, քանի որ այդ օրենքի ներդրումով
Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերը կրճատվում են 6.6%-ից մինչև 13%: «Մենք պետք
է գիտակցենք, որ մեզնից բացի ոչ ոք առաջինը չի բարձրացնի մեր իրավունքների
պաշտպանության հարցերը: Հետևաբար, եկեք միասին պահանջենք, որպեսզի կասեցվի այդ
օրենքը»,- ընդգծել են նրանք:
Նշենք, որ
Ազատության հրապարակում հավաքվել էր մոտ 7 հազար մարդ: Քաղաքական գործիչների և
քաղաքացիական ակտիվիստների ելույթները հավաքվածներն աջակցում էին «Մենք ենք մեր
երկրի տերերը», «Մենք դեմ ենք» և «Միացում» բացականչություններով: Բողոքողների
շարքերում էին բազմաթիվ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: