ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող էր ավելի ակտիվ աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, հուլիսի 15-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
Նրա խոսքով, Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը, սակայն պետք է ի հայտ գան այդ աշխատանքի հստակ և գործնական արդյունքները, քանի որ որևէ միջազգային հակամարտություն դեռ չի լուծվել կոնֆերանսների կամ նիստերի ժամանակ, հարկավոր է արդյունավետ և գործնական աշխատանք:
ՙՈւկրաինայի համար, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում նախագահության գերակայություններից մեկն է, և եթե նայենք քարտեզին, այն պարզապես շրջապատված է սառեցված հակամարտություններով, այդ պատճառով իմ հայ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն ենք հատկացրել հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՚,- նշել է ուկրաինացի դիվանագետը:
Միաժամանակ նա նշել է, որ թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները պետք է ավելի հաճախ հանդիպեն, և Ուկրաինան պատրաստ է աջակցել այդ հարցում: