Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է ակտիվիստների ակցիան, որոնք բողոքում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով բարձրացման դեմ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը դեպքի վայրից, ակցիայի մասնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական հզոր շղթան և մոտենալ քաղաքապետարանի շենքին` վանկարկելով ՙՏարոն, հեռացիր՚: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ և նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված երեք ակտիվիստների անհապաղ ազատ արձակում:
Ոստիկանության աշխատակիցներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել ակցիայի անցկացմանը, նրանք, մասնավորապես, փակել են դեպի քաղաքապետարան տանող որոշ փողոցներ: Բացի այդ, քաղաքապետարանին հարող սիզամարգերում բացել են ջուրը` դեպի քաղաքապետարանի շենք ակտիվիստների տեղաշարժը դժվարացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, ոստիկանական շղթան քաղաքապետարանի մոտ մշտապես ամրապնդվում է, ոստիկաններին օգնության են հասել նաև ՙկարմիր բերետավորները՚: