Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է. Yerkir.am-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`խոսելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուքառյակի պահանջի մասին:
ՙ
Այդ որոշումը վաղուց է հասունացել, և ես սատարում եմ դրան: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման և կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձևավորման համար` լճացած և հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միևնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը՚,- ասել է երկրորդ նախագահը:
Խոսելով ընդդիմությանը վերահսկողական լծակներով օժտելու պահանջի մասին`Քոչարյանն ասել է. ՙՍտեղծված իրավիճակում, հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը /ծանոթացեք Վերահսկիչ պալատի վերջին տարիների ստուգումների նյութերին/, դա, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն՝ աբսուրդային բյուջետային ծախսերի և պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ: Ես չգիտեմ, թե քառյակի կողմից որքան խորն է այս առաջարկությունը մշակվել ու կոնկրետացվել, բայց ակնհայտ է, որ այստեղ անհրաժեշտ են ազդեցության զգալի մեխանիզմներ, այլ ոչ թե ընդամենը տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Չէ որ այդպիսի տեղակատվության պակաս նախորդ կառավարության օրոք չկար, խնդիրը դրա լիակատար արհամարհումն է՚: