Քեսաբի
իրադարձությունները պատահականություն չեն. դա Օսմանյան կայսրության
քաղաքականության շարունակումն է նրա ժառանգորդների կողմից: Այդ մասին «Ֆեյսբուքի»
իր էջում գրել է սիրիացի պատգամավոր Նահեփ Մահլունը:
Նա նաև զետեղել է Հայոց ցեղասպանության երկու զոհերի լուսանկարներ`
«Հիշեցում թոռներին, թե ինչ են արել իրենց նախնիները» մեկնաբանությամբ: Մահլունը
գրել է. «Արյունահեղությունն սկսել են նրանց նախնիները, իսկ թոռներն այժմ
շարունակում են: Գլխատումներ, թաղում ընդհանուր գերեզմեններում, ահաբեկչություն և
արմատականություն` սրանք են այն գործողությունները, որոնց ոգով աճել են
օսմանցիների սերունդները», - եզրափակել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվում իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը պաշտպանում են հայ կամավորականները, Քեսաբի ինքնապաշտպանության հայկական ջոկատները, ինչպես նաև Սիրիայի կառավարական բանակը: Քաղաքը գրոհում են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Խմբավորումների շարքերը համալրում են, հիմնականում, թուրքերը: Նախօրեին նաև հայտնի է դարձել, որ թուրքական ռազմաօդային ուժերը խփել են սիրիական կործանիչը, որը հետապնդել է Թուրքիայից Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք ներթափանցած իսլամական գրոհայիններին: Հայաստանի նախագահ
Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը Սիրիայի իշխանություններին
և միջազգային հանրությանը կոչ են արել պաշտպանել Քեսաբը և համարժեք գնահատական տալ
իրավիճակին: