Նոր կառավարության հետ կապված պատրանքներ տածել պետք չէ, քանի որ այն ձևավորվել է Սերժ Սարգսյանի հանցավոր հանրապետական ռեժիմից, ով իշխանության է եկել կեղծված ընտրությունների ճանապարհով: Այդ մասին նոր կառավարության ծրագիրը քննարկելիս խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա հավաստմամբ, նոր կառավարությունը հանդես է գալիս պոպուլիստական հայտարարություններով`իրականում շարունակելով իր նախորդների մարտավարությունը, կրկին ծրագրում ամրագրելով կենսաթոշակային բարեփոխման պարտադիր բաղադրիչը: ՙԿառավարությունը նաև չեղյալ է հայտարարել շքեղության հարկը` նպատակ ունենալով Հայաստանով տարանցմամբ ներմուծել և Ռուսաստանում վերավաճառել թանկարժեք մեքենաներ, ինչպես նաև օլիգարխներին ազատել շքեղ ավտոմեքենաների շահագործման համար հարկային բեռից: Բացի այդ, ֆինանսական ողջ համակարգը մեկ օլիգարխի`Գագիկ Խաչատրյանի ձեռքում է: Այդպիսով`մոնոպոլիաների ստեղծումը, իշխանական լծակների չարաշահումը պետական քաղաքականություն են դարձել Հայաստանում՚,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Այնուհետև նա հիշեցրել է, թե ով է մտում Հայաստանի ներկայիս կառավարության կազմում: ՙՈ՞վ է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Դա մի մարդ է, ով ժամանակին խետախուզվել է հայկական արդարադատության կողմից $4 մլն յուրացնելու համար: Իսկ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հասցրել է իր գործունեության ընթացքում ոչ միայն հասարակության, այլ նաև իր գործընկեր ճարտարապետների բացասական վերաբերմունքին արժանանալ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 1-ի դեպքերի գլխավոր համակարգողն է եղել: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի մասին արդեն ընդհանրապես չարժե խոսել, քանի որ այս շաբաթվա ընթացքում նրանց մասին բավականաչափ խոսվել է՚:
Նշենք, որ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություները /Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙԺառանգություն՚ չեն մասնակցի ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը: