ՎՏԲ-Հայաստան Բանկը երկու տարում կրկնապատկել է
ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի
Գուսևը:
Նրա խոսքով,
ներկայումս բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը կազմում է 100 մլրդ.դրամ,
ինչը բանկի համար հոգեբանորեն նշանակալից գնահատական է: 2013 թվականի
արդյունքներով բանկը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ծավալով զբաղեցրել է
երկրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, տարեկան կտրվածքով արձանագրելով
35.5% աճ, մինչև 88 մլրդ.դրամ կամ շուկայի 15%-ը: Ընթացիկ տարվա առաջին
եռամսյակում այդ մասնաբաժինն արդեն հասավ 15.8%-ի, ամրապնդելով բանկին երկրորդ
հորիզոնականում:
«2013 թվականը
ՎՏԲ խմբի մանրածախ և կորպորատիվ բիզնեսի եռամյա ռազմավարության եզրափակիչ տարին
էր: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մանրածախ բիզնեսի պլանների հաջող կատարումը
հանդիսանում է այդ ռազմավարության արդյունքը: Այս ցուցանիշը վկայում է այն մասին,
որ բանկը պահպանել է դեռևս 2009 թվականին նախատեսված աճի տեմպերը»,-ասել է Գուսևը:
Նա նշել է, որ
ռազմավարության շրջանակներում բանկի հիմնական խնդիրը մանրածախ բիզնեսի վարկավորման
մոդելի լիակատար փոփոխություններ էր: «Բանկի գործունեությունը մանրածախ
բիզնեսում ուղղված է ոչ միայն ավանդային ու վարկային պորտֆելների աճին և մանրածախ
ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև առաջին հերթին մանրածախ պրոդուկտային շարքի կատարելագործմանը,
մասնավորապես, վաճառքի այլընտրանքային
ուղիների զարգացմանը, որոնք թույլ են տալիս պարզեցնել ձևակերպման կարգը և
կրճատել հաճախորդների սպասարկման ժամանակը: Փոքր բիզնեսի վարկավորման զարգացումը
բանկի 2014 թ. գերակա ուղղություն է, որի
զարգացման ճանապարհներից մեկը որոշ բիզնես-գործընթացների ավտոմատացումն է, ինչը կկրճատի վարկերի
հաստատման և տրամադրման ժամանակը,
կարդիականացվի վարկավորման ամբողջ գործընթացը, կպարզեցվի վարկի հաստատման սխեման
ստանդարտ սեգմենտի համար»,-ընդգծել է Գուսևը:
Նա նշել է, որ
2013 թվականին բանկն ապահովել է գործառնական շահույթի ռեկորդային ցուցանիշ, դրանով
նույնպես տեղ գրավելով առաջատարների շարքում: 2013 թվականին բանկի տոկոսային զուտ
եկամուտը կազմել է 11.5 մլրդ.դրամ, միջնորդային զուտ եկամուտը` 1.39 մլրդ.դրամ,
նշել է նա:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել
2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%
բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ
շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա
դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: