«Ցեղակրոն»
կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ճաղերի հետևում է հայտնվել այն
պատճառով, որ մարտահրավեր է նետել Հայաստանի իշխանական համակարգին: Այսօր մամուլի
ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին
նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Նրա ասելով, Հարությունյանը մի մարդ է, ով իր ողջ
գիտակցական կյանքում պայքարել է հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն ազատ
Հայաստանի: Եվ նոյեմբերի 5-ին Ազատության
հրապարակի իրադարձությունները դարձան դրա հերթական հաստատումը:
«Նրա վարքագիծը հոգու ճիչ է, բողոքի ճիչ: Նա հայտարարեց,
որ իշխանությունների գործողություններն ամոթալի են և արատավոր, և դրա համար նրան
ձերբակալեցին ու բանտարկեցին: Այս իրավիճակում ամենաանհեթեթն այն է, որ իրական
հանցագործներին ոչ ոք ձեռք չի տալիս, իսկ հանցագործությունը բացահայտողին
ուղարկում են ճաղերի հետևը: Դա հավասարազոր է այն բանին, երբ ավազակին ապտակելու
համար բանտ նստեցնեն` այդ ավազակի
փոխարեն», - ասել է Մանուչարյանը: