ՙՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին՚, - ասվում է ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տարածած հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
ՙՄենք իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, նման ցինիզմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրենց բողոքն են արտահայտելու ՌԴ դեսպանատան առջև՝ ժամը 17.00-ին: Դեսպանին հանձնելու ենք մաշված խալաթ՝ ի հիշեցում այն բանի, որ դարավոր ՙբարեկամությունը՚ հավերժ չէ, ոչ մի դեպքում և ոչ մի պատճառով արդարացված չէ ՙժողովորդավար՚ Ռուսաստանի պահվածքը: Կոչ ենք անում միանալ մեզ, յուրաքանչյուրիս պարտքն է գոնե այստեղից պաշտպանելու մեր հայրենակցի մարդկային իրավունքները՚, - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ, ռուսական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Հրաչ Հարությունյանն այժմ բուժզննման է ենթարկվում: Այն փաստը, որ Հարությունյանը դատարանի դահլիճ էր տարվել ծաղկավոր կանացի խալաթով, մեծ հասարակական հակազդեցություն է հարուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի հայ համայնքում: Մարդկային արժանապատվության նվաստացման դեմ բողոքի ալիք է բարձրացել նաև սոցիալական ցանցերում: Հ.Հարությունյանը Մոսկվայի դատարանի որոշմամբ երկու ամսով ձերբակալվել է հուլիսի 13-ին իր վարած ԿԱՄԱԶ-ի ավտոբուսին բախվելու առնչությամբ, որի հետևանքով 18 մարդ է զոհվել: Նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը փորձում է աջակցություն տրամադրել Հարությունյանին, ով, նրա ասելով, արդեն ապահովված է երկու փորձառու փաստաբաններով և թարգմանիչով: