Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները: Այս մասին է նշվում ԱՄն Պետդեպարտամենտի` 2012 թվականին կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է նախօրեին:
ՙՀայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն, և անցյալ տարի այդ ազատությունների ոտնահարման էական դեպքեր չեն արձանագրվել, սակայն որոշ օրենքներ և իրականացված քայլեր դրանք սահմանափակում են՚,-ընդգծում է Պետդեպը:
Զեկույցում նշվում է նաև, որ օրենքը Հայ Առաքելական Եկեղեցուն տրամադրում է արտոնություններ, ինչից զրկված են մյուս կրոնական խմբերը: Պաշտոնապես գրանցված կրոնական խմբերի մեծ մասն իրենց գործունեության ընթացքում չեն բխվել լուրջ պրոբլեմների, բայց, ինչպես ասված է զեկույցում, ՙԵհովայի վկաներ՚ կազմակերպության 31 ներկայացուցիչ մինչ օրս գտնվում է բանտում` պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Նշված է նաև, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ որոշ դեպքերում արժանանում են հանրության խտրական և անհանդուրժողական վերաբերմունքին, ինչը նկատվում է նաև աշխատավայրերում, իսկ լրատվմիջոցները հաճախ կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում այդ խմբերի նկատմամբ: ՙԱՄՆ կառավարությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է ընդունել այլընտրանքային ծառայության մասին նոր օրենք, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին՚,-նշվում է զեկույցում: