Հայաստանի 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են ընդունել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնի գործողությունների առնչությամբ:
Երևանի մամուլի ակումբից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ ասվում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երեւանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ ՙԹրանսփարենսի Ինթերնեյշնլ՚ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով եւ կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս երկու հասարակական ակտվիստները հրապարակային գործիչներ են եւ իրենց հասարակական գործունեությունն իրականացնում են օրինականության շրջանակներում:
Երեւանի մամուլի ակումբը եւ ՙԹրանսփարենսի Ինթերնեյշնլ՚ հակակոռուպցիոն կենտրոնն ակտիվորեն ներգրավված են ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում։ Հայկակ Արշամյանը վերջին երկու օրերին մասնակցել է ՀՀ նախագահի նստավայրի եւ ՀՀԿ կենտրոնակայանի առջեւ անցկացված հասարակական ակտիվ բողոքի ակցիաներին` ուղղված Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած այն հայտարարության դեմ, ըստ որի, Հայաստանը որոշել է միանալ մաքսային միությանը:
ՙՄենք` ստորեւ ստորագրողներս, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն`ՀՀ իշխանությունների դեմ իրենց բողոքը հայտնող հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, հասարակական գործիչների եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ, սա համարում ենք Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, մարդու իրավունքների ոտնահարման, օրենքի ընտրովի կիրառման եւ քաղաքական հետապնդման ամենօրյա պրակտիկայի շարունակություն, ինչի դրսեւորումներից մի քանիսին ականատես ենք եղել նաեւ վերջին շրջանում` Երեւանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ եւ քաղաքապետարանի դիմաց ցուցարարների դեմ կիրառված բռնաճնշումների ժամանակ։
Հայտարարում ենք, որ տեղի ունեցած այս ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար`ՀՀ իրավապահ մարմինների վրա: Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից:
Քաղաքացիական հասարակությանը եւ բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի եւ սրանց պատվիրատուների առջեւ, շարունակել պայքարել սեփական ազատությունների եւ իրավունքների համար՚, - ասվում է հայտարարությունում: