Ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը համախմբվելու և ներքին թշնամու դեմ պայքարելու կոչ է արել հայ ժողովրդին:
ՙ2013 թ. սեպտեմբերի 30-ին, իմ ձերբակալությունից 10 օր անց տարածված առաջին հայտարարությանս մեջ ես շեշտել էի, որ վարչախմբի ու մեր ժողովրդի շահերն իրար հակասում են, մենք ազգային պետություն չունենք, եղածը ժողովրդին ու մեր պետականությունը կործանող մի գործիք է, 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել, այն պետք է ավարտել ազգային պետության կերտումով, ես մտադիր էի սոցիալական պայքարի դրոշը փոխարինել ազգային-ազատագրական պայքարի դրոշով և միանալ Նախախորհրդարանին, իմանալով իմ մտադրության մասին և չկարողանալով ինձ հետ պահել դրանից` վարչախումբը շինծու մեղադրանքով ձերբակալեց ինձ:Պայքարի առաջին իսկ օրվանից իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանի ցուցումով փորձել են ինձ գայթակղել ու կաշառել` առաջարկելով պաշտոն, բիզնես կամ մեծ գումար: Սակայն ես մերժել եմ, քանի որ չեմ կարող ծախել հոգիս ու Հայրենիքս:
Արդեն յոթ ամիս է, որ ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ: Առողջության հետ կապված պրոբլեմներ ունեմ, սակայն ինձ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով անգամ բուժօգնություն չեն ցուցաբերում: Ավելին, վարչախումբը հալածում է ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս անդամներին: Այս ընթացքում անօրինական կերպով բանակ են զորակոչել որդուս` Ավետիս Ավետիսյանին, հաշվի չառնելով, որ ծանր հիվանդության պատճառով նա պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Բայց վարչախմբի ջանքերն ապարդյուն են: Ես և իմ ընկերներն հաստատակամ ենք և շարունակում ենք պայքարը: Դրան են միացել նաև քաղաքացիներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ։ Նախաքննության ընթացքում ինձ ներկայացված շինծու մեղադրանքների փուչիկը պայթել է, իսկ դատավարությունը վերածվել է զավեշտի: Իմ քաղաքական հայացքները ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի են ամրապնդվել: Ես առավել քան համոզված եմ, որ այս վարչախումբը պատերազմում է մեր ժողովրդի դեմ: Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ ներքին թշնամի, որն այսօր արդեն բացահայտ կերպով մեր երկիրը հանձնում է օտարին: Ուստի նրան պետք է հեռացնել և պատասխանատվության ենթարկել։
Իմ մարտական ընկերներին ու մեր ամբողջ ժողովրդին կոչ եմ անում` ինչպես Արցախյան շարժման ժամանակ պայքարեցինք արտաքին թշնամու դեմ և ազատագրեցինք Արցախը, այնպես էլ հիմա համախմբվենք և պայքարենք ներքին թշնամու դեմ ու ազատագրենք ամբողջ Հայաստանը՚,- ասվում է Վոլոդյա Ավետիսյանի հայտարարության մեջ: