ՙSOS! Պահպանենք աֆրիկյանների ակումբի շենքը՚ նախաձեռնության ավելի քան 200 ակտիվիստ հերթական բողոքի ակցիան է անցկացնում շենքի ապամոնտաժման դեմ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ակտիվիստները բացականչում են ՙԹույլ չենք տա քանդել՚ և, չնայած ոստիկանության դիմադրության փորձերին, բռունցքներով հարվածում են երկաթե վահաններին: Ամեն րոպե իրավիճակը սկսում է սրվել, ոստիկանության աշխատակիցները, ձեռք ձեռքի տված, փորձում են կենդանի պատ կառուցել շենքի դիմաց: Բանը հասել է ծեծկռտուքի:
Նշենք, որ այսօր ակումբի շենքի մոտ հանրահայտ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է տվել`ի պաշտպանություն ՙSOS! Պահպանենք աֆրիկյանների ակումբի շենքը՚ նախաձեռնության:
Հիշեցնենք, որ ավելի քան 100-ամյա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը հանրապետական նշանակության հուշարձան է: Մինչդեռ դրա տեղափոխումը պատճառաբանվում է ճանապարհի երթևելեկելի մասը լայնացնելու անհրաժեշտությամբ: Ինչպես ավելի վաղ նշել են ակտիվիստները, Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիան, որի դրույթներից մեկի համաձայն, յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող հուշարձանի լիակատար կամ մասնակի տեղափոխումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ քայլը բխում է հուշարձանի պահպանության նկատառումներից: