ՀԱԿ
խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանի նիստում խոսնակ Հովիկ
Աբրահամյանից հետաքրքվել է, թե ինչով է պայմանավորված խորհրդարանի
աշխատասենյակների ինտենսիվ զինումը դիտակման տեսախցիկներով:
«Եթե դուք դրանով իսկ ցանկանում եք համատարած
վերահսկողություն հաստատել ընդդիմության նկատմամբ, պարզել, թե ինչ են քննարկում
պատգամավորները կուլուարներում, ինչ են
մտածում, ապա շտապեմ Ձեզ տեղեկացնել, որ
այն ամենը , ինչ մենք խոսում ենք աշխատասենյակներում, ասում ենք նաև
նիստերի դահլիճում: Կարծում եմ, որ հարկ չկա բյուջեի փողերը զուր վատնել
տեսախցիկների տեղադրման վրա», - ասել է Մանուկյանը: Նա ոչ առանց հեգնանքի ԱԺ
նախագահին խորհուրդ է տվել «իրեն տալ իր համար նախատեսված ժուչոկը»` պայմանով, որ
Մանուկյանն իր յուրաքանչյուր գործողության մասին կտեղեկացնի խորհրդարանի
ղեկավարությանը:
Խոսնակն
իր հերթին «ժուչոկներ» կիրառելու համար մեղադրել է Մանուկյանի ներկայացրած քաղաքական
թիմին` 90-ականների սկզբին նրանց իշխանության շրջանում: Իրականում, Աբրահամյանի
ասելով, տեսախցկների տեղադրումը նպատակաուղղված է անվտանգության մակարդակի
բարձրացմանը, և ոչ մի վերահսկողության մասին խոսք անգամ չի կարող լինել: