Ամերիաբանկը գործարկել է նոր ՙԱմերիա՚ ավանդատեսակը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Բանկը ներդրել է բոլորովին նոր և յուրահատուկ ավանդատեսակ, որն արմատապես տարբերվում է շուկայում գործող մյուս ավանդային առաջարկներից՚, - ասել է Ա. Բարսեղյանը: Ընդ որում, նա պարզաբանել է, որ ՙԱմերիա՚ ավանդը ներդրողին թույլ է տալիս բազային տոկոսադրույքի հիման վրա ինքնուրույն ՙԿառուցել՚ իրեն հարմար ավանդատեսակը, այսինքն, իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ փակել կամ համալրել իր ավանդային հաշիվը: Կախված հաճախորդի ընտրությունից, բանկը սահմանում է որոշակի տոկոսադրույքը: Ավանդը կարող է լինել ցանկացած արժույթով, ցանկացած մարման ժամկետով: Բացի այդ, բանկը բարձրացրել է դրամային ավանդների տարեկան տոկոսադրույքը, ազգային արժույթով խնայողությունների աճը խթանելու նպատակով:
Բանկի նորամուծությունների թվում Ա.Բարսեղյանը նշել է նաև, որ բանկում ավանդներ ունեցող հաճախորդների համար այդ միջոցների գրավադրման միջոցով կարող է բացվել վարկային գիծ, ավանդի գումարի մինչև 30%-ի չափով: Այդ վարկից ներդրողը կարող է օգտվել վարկային քարտի միջոցով: Ընդ որում, վարկային գիծը բացվում է այն արժույթով, որով ներգրավվել է ավանդը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, 2013 թվականի առաջին եռամսյակում տվյալներով բանկը պարտավորությունների ծավալով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջին դիրքը, տարեկան կտրվածքով աճելով 66.7%, միայն եռամսյակում` 30%, մինչև 270,7 մլրդ դրամ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը ապրիլի 1 – ին գերազանցել է 90.2 մլրդ դրամը, կամ ընդհանուր պարտավորությունների 34.3% - ը, տարեկան կտրվածքով աճելով 30%: ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ - ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, տրամադրելով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Խումբը` 99.99%% Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից հինգը գտնվում են Երևանում, և մեկական մասնաճյուղ Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում: