ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հնարավորությունը, ինչպես պնդում է ոչ իշխանական քառյակը /ՙԲարգավաճ Հայաստան՚, ՙԺառանգություն՚, ՀՅԴ, ՀԱԿ/, բայց երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո միայն:
ՙԵվ սա քմահաճույք չէ, պարզապես սահմանադրական բարեփոխումների նախագծում արդեն ամրագրված են որոշակի ընտրական նորմեր, իսկ ընտրական օրենսդրությունը, ինչպես և մնացած բոլոր օրենքները պետք է բխեն Հիմնական օրենքի տրամաբանությունից՚,- բացատրել է նա:
Ըստ որում, Շարմազանովը տարակուսանք է հայտնել ընտրական բարեփոխումների իրականացման հարցում քառյակի շտապողականության առնչությամբ: ՙԵրբ մենք խոսում էինք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, քառյակը հակադարձում էր մեզ`ասելով, թե երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում, իսկ ժողովրդին ընդհանրապես չեն հուզում Հիմնական օրենքի բարեփոխումները: Քառյակը պնդում էր սոցիալ-տնտեսական հստակ բարեփոխումների շուտափույթ իրականացում: Մի՞թե հիմա ինչ-որ բան է փոխվել, գուցե իրավիճակը դեպի լավն է գնացել, եթե քառյակը նահանջել է իր առաջնահերթ հայացքներից, քանի որ ընտրական բարեփոխումները քիչ ընդհանրություն ունեն սոցիալ-տնտեսական թեմատիկայի հետ՚,- նշել է Շարմազանովը:
Այնուհետև նա կառուցողական երկխոսության կոչ է արել քառյակին իրենց իսկ ներկայացրած 12 կետի շուրջ, հակառակ դեպքում, նրա խոսքով, խոսելով վերջնագրերի լեզվով` նրանք ոչ մի բանի չեն հասնի և քաղաքական գործընթացներից դուրս կմնան:
Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անսալով ընդդիմության 12 պահանջները կետ առ կետ քննարկելու նախագահ Սերժ Սարգսյանի կոչին, ոչ իշխանական քառյակին առաջարկել է 12 առաջարկների ուսումնասիրման աշխատանքային խմբեր ձևավորել: Սակայն, ոչ իշխանական քառյակի 12 առաջարկի քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու շուրջ այսօր կայացած խորհրդարանական քննարկումները ձախողվել են: ՙԺառանգությունը՚ և ԲՀԿ-ն իշխանություններից պահանջել են, որպես բարի կամքի դրսևորում, իրականացնել 12 կետի թեկուզ մեկ առաջարկ, իսկ հետո բանակցությունների սեղանի շուրջ նստել: Նրանք, մասնավորապես, պնդել են Ընտրական օրենսգրքի շուտափույթ բարեփոխում: ՀԱԿ-ն ընդհանրապես չի մասնակցել խորհրդակցությանը: Եվ միայն ՀՅԴ-ն է 12 կետի իրականացման շուրջ իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: