Բացառված չէ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիան ծրագրվել է Միխայիլ Սահակաշվիլիի կողմից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՆորավանք՚ հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նշենք, որ ապրիլի 9-ին`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել`երդմնակալության արարողությանն Աբխազիայի ներկայացուցչի մասնակցության հետ կապված:
ՙՍահակաշվիլին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայամետ քաղաքականության առնչությամբ՚,- ընդգծել է փորձագետը:
Հարությունյանի կարծիքով, անհրաժեշտ է ըմբռնումով մոտենալ բողոքի այդ ակցիային, քանի որ վրացիների համար Աբխազիայի խնդիրը նույնքան հիվանդագին է, որքան Հայաստանի համար Ղարաբաղի խնդիրը, և նման արձագանքը միանգամայն սպասելի է:
Միաժամանակ փորձագետը նշել է, որ վերջին ժամանակներս նկատելի է Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացում: Մասնավորապես, նա նշել է, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստան են այցելել վրացի մի շարք բարձրաստիճան անձինք, այդ թվում`վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն: Ըստ որում, նրա խոսքով, Փանջիկիձեն իր այցի ընթացքում հանդես է եկել ընդհանուր շուկայի ստեղծման նախաձեռնությամբ, ինչը ենթադրում է մի շարք հարցերի լուծում, այդ թվում`Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնում: