Վարչապետ
Հովիկ Աբրահամյանը հասարակության որոշ անդամների կողմից իրենց դժգոհությունն արտահայտելու ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակ է համարում պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը, ուստի իրավապահ մարմիններին
հանձնարարել է պաշտպանել պաշտոնյաների
իրավունքները: Վարչապետն այդ մասին հայտարարել է հունիսի 26-ին կառավարության
նիստում:
Օրերս Ազգային ժողովում կուտակային
կենսաթոշակների մասին աղմկահարույց օրինագծի նորացված տարբերակի քննարկման ժամանակ
ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները մանրադրամ էին նետել կրթության և գիտության
նախարար Արմեն Աշոտյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի
վրա:
Վարչապետն անընդունելի է համարել «ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը»: «Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական: Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում», - հայտարարել է վարչապետը:
Ուշագրավ է, որ իրենք`
միջադեպի արդյունքում տուժած նախարարները հրաժարվել են լրագրողներին մեկնաբանել
իրավիճակը, պատասխանելով, թե ինչ որ պետք է արդեն ասել են վարչապետին: