ՙԴուրս մեր գրպանից՚ նախաձեռնությունը կշարունակի պայքարը երկու ուղղությամբ`ակցիաներ փողոցներում և հայցերի ներկայացում դատարաններ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը:
ՙԱվելի վաղ նախաձեռնության 9 վարորդ տուգանվել է ՙկարմիր գծերի՚ վրա կայանման դիմաց չվճարելու համար, սակայն նրանք չեն պատրաստվում վճարել և կշարունակեն պայքարն իրավական հարթությունում՚,- նշել է նա: Ըստ որում, ակտիվիստն ավելացրել է, որ նախաձեռնույթունը նաև հայց է պատրաստում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ`ծառայողական դիրքը չարաշահելու համար:
ՙԴուրս մեր գրպանից՚ նախաձեռնության մեկ այլ անդամ Արմեն Եփրեմյանն իր հերթին նշել է, որ հարկ վճարելով ավտոմեքնայի համար, ինքը վճարում է նաև դրա օգտագործման, այդ թվում`փողոցում կայանման համար, հետևաբար`լրացուցիչ գումարներ կորզելն անօրինական է: Ըստ որում, ակտիվիստն ընդգծել է, որ նախաձեռնությունը չի հանձնվելու, և արդեն մի քանի անակնկալ է նախապատրաստել մայրաքաղաքի իշխանությունների համար: ՙՓորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հարցերը լուծվում են բացառապես հասարակական ճնշման միջոցով, հետևաբար`մենք ևս կկիրառենք այն՚,- ասել է նա:
Նշենք, որ հունիսի սկզբին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքներ չվճարելու պատճառով, որոնց մասին իրենք նույնիսկ չեն իրազեկվել, նրանց բանկային հաշիվները սառեցվել են: