Վաղածին երեխաների 135
փրկված կյանք` այսպիսին են Երևանի բուժհաստատություններում 2013 թ. ապրիլից մինչև
2014 թ. նոյեմբեր սուրֆակտանտի կիրառման արդյունքները. դեղամիջոց, որը հեղուկի
մակերևութային լարվածության փոքրացման շնորհիվ խոչընդոտում է նորածինների թոքերում
ալվեոլների կպումներին: Սուրֆակտանտ-ՍՈՒՐՎԱՆՏԱ դեղամիջոցի օգնությամբ մասնագետների
կողմից կիրառվող թերապիան շնչառական դիսթրես համախտանիշի`ծայրահեղ ցածր մարմնի
քաշով վաղածին երեխաների մահվան հիմնական պատճառի, բուժման կարևոր միջոց է:
Նախագիծը նախաձեռնվել է 2012 թվականին, ՙՖԱՐՄ ԹՐԱՍՏ՚
բժշկադեղագործական ընկերության կողմից,Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և
ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ, որը սուրֆակտանտը ներառել է
ՙՀիմնական դեղամիջոցների ցուցակում՚ և ձեռնամուխ եղել երկրի ծննդատներն այդ
դեղամիջոցով ապահովման պետական ծրագրի իրականացմանը: Նախագծի առաջին փուլի
իրականացումը հնարավոր է դարձել ՙՆվիրիր
կյանք՚ հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, որի պատվավոր նախագահն է
առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հայաստանի պաշտոնական վիճակագրության տվյալների
համաձայն, երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-ը `ծայրահեղ ցածր քաշով և շնչառական
դիսթրես համախտանիշի առկայությամբ: Ընդհանուր առմամբ վերջին 20 տարում աշխարհում
դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին
հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում`հանգեցնելով
տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35%-ի:
2014 թ. նոյեմբերի 21-ին ՙԷրեբունի Պլազա՚ բիզնես
կենտրոնում ՙՓրկենք հարյուրավոր կյանքեր՚ նախագծի շրջանակներում անցկացվում է
ՙՎաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման
սկզբունքները՚ թեմայով խորհրդաժողով`նվիրված Վաղածին երեխաների համաշխարհային
օրվան:
Խորհրդաժողովի հիմնական նպատակն է`մասնագետների հետ
քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու
ռիսկերը և կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում`օգնելու վաղածին երեխայի
առողջ աճին:
Միջոցառման
կազմակերպիչների նպատակը վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության
գիտելիքների բարձրացումն է: Շատ ականավոր մարդիկ վաղածին են եղել, և չնայած
դրան`անհավանական հաջողությունների են հասել կյանքում: Նրանց թվում են`Նապոլեոնը,
Նյուտոնը, Էնշտեյնը, Ռոդենը, Վան ոգը, հայտնի դերասաններ և երաժիշտներ,
օրինակ`Սթիվի Ուոնդերը, ում կուրությունը, կապված վաղածինների ռեթինոպատիայի հետ,
չի խանգարել համաշխարհային հայտնիություն ձեռք բերել: