Հայկական կողմը կականապատի Ադրբեջանից Քարվաճառ ներթափանցման բոլոր հնարավոր ուղիները, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`ՀՀ վարչապետի առաջարկով զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին
ՙ1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար ևԲ դիպուկահարների կրակոցների, ևԲ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան՝ Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը:
Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաև Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետքերի հետևից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաև հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված և, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների և նաև իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում:
Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաև բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել: Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում ևԲ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է: Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն՚,-ասել է Սեյրան Օհանյանը: