Ապրիլի 19-ին սկսվել է Նոր Հայաստանի շարժումը, որը կհամախմբի ողջ ընդդիմադիր դաշտը և կպայքարի ընդդեմ կառավարող վարչակազմի: Այդ մասին այսօր հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր կողմնակիցների հետ հանդիպմանը: Նրա ասելով, շարժմանը կարող են միանալ բոլոր քաղաքական ուժերը, սակայն` մեկ պայմանով. նրանք պետք է պայքարեն մինչև հաղթական ավարտը: ՙԱյս շարժումը անձինք և կուսակցական պատկանելություն չունի: Սա փետրվարի 18-ին հաղթած ժողովրդի շարժումն է՚, - ասել է նա:
Հովհաննիսյանի ասելով, ապրիլի 9-ին Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ ոչնչի առջև կանգ չեն առնի և հանուն անձնական իշխանության պահպանման իշխանությունները կարող են զոհաբերել սեփական ժողովրդին: Հովհաննիսյանը նաև կարծում է, որ ևս 5 տարի սպասելու ժամանակ չկա, անհրաժեշտն է գտնել պայքարի եղանակներ և հասնել իշխանության շուտափույթ տապալման: ՙԺառանգության առաջնորդը բոլոր այն նախագահներին, որոնք ընտրվել են սակայն չեն կառավարել Հայաստանը, ինչպես նաև քաղաքական ուժերին, որոնք ընտրվել սակայն չեն դարձել խորհրդարական մեծամասնություն՚ կոչ է արել միանալ և միասնական պայքար մղել ՙընդդեմ չարի՚:
Ավելացնենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկինում ՀԱԿ-ի մեջ մտնող ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, փաստորեն, արդեն գոյություն չունեցող ՀՀՇ կուսակցության վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը և ՀՅԴ գերագույն մրամնի ներկայացուցիչ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ արյունահեղությունից խուսափելու նպատակով ընդդիմությունը կառավարող վարչակազմի դեմ իր պայքարում պետք է կիրառի փափուկ ուժ, որն իշխանությանը կստիպի հրաժարական տալ: Նա ևս մեկ անգամ ընդգծել է ՀՅԴ դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է անհապաղ փոխել կառավարման համակարգը և ներդնել խորհդարանական համակարգ: ՙԽորհրդարանում պետք է լինեն մարդիկ, որոնք դրան արժանի են, այլ ոչ թե մարդիկ, որոնց այնտեղ ցանանում է ներդնել նախագահը կամ կառավարող կուսակցությունը՚, - ասել է Ռուստամյանը:
Նրա ասելով, կոռուպցիայի դեմ պայքարի լծակները պետք է պատկանեն ընդդիմությանը: ՙՎարչապետը չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ հենց ինքն է կոռումպացված: Եթե իշխանություններն իրոք ցանկանում են պայքարել կոռուպցիայի դեմ, ապա կառավարությաննն առընթեր համապատասխան հանձնաժողովը պետք է գլխավորի ընդդիմությունը՚, - կարծում է Ռուստամյանը: