Սիրիայում Քրդական ինքնավարությունն Էրդողանի արկածախնդրության համար Թուրքիայի հատուցման մասն է կազմում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Հունվարի 21-ին սիրիացի քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու մասին`Էլ-Քամիշլի մայրաքաղաքով: Նշենք, որ Սիրիայի քրդերը սերտ կապեր ունեն Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հետ, որը 30 տարի զինված պայքար է մղում Թուրքիայի կառավարության դեմ:
ՙՔրդերի կողմից Սիրիայի հյուսիսում Քրդական ինքնավարության հռչակման զուգադիպումը Ժնև-2-ին պատահական չէ, քանի որ դեռ մինչև այդ համաժողովը քրդերը մասնակցության իրավունք են պահանջել և մերժում ստացել: Ինքնավարություն ստեղծելով` քրդերն աշխարհին ցույց տվեցին իրենց դիրքորոշումը: Սիրիայի քրդերն այսօր առաջին հերթին պայքարում են արմատական-իսլամիստական ծայրահեղական խմբավորումների դեմ Բաշար Ասադի կողմից, որն արդեն ինքնավարության իրավունք է տրամադրել իրենց: Այսպիսով, 2,5 մլն քուրդը լուրջ գործոն է ներսիրիական պայքարում՚,- ընդգծել է թուրքագետը:
Մեկնաբանելով փաստը, որ քրդերի կողմից ինքնավարության հռչակման մասին առաջին անգամ հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները` Սաֆրաստյանը միանգամայն հիմնավոր է համարել Թուրքիայի մտահոգությունը: Թուրքական իշխանությունները, նրա կարծիքով, լիովին արժանի են դրան` հաշվի առնելով, որ սիրական արկածախնդրության մեջ մտնելով` թուրքերն Ասադի դեմ կռվող գրոհայիններին տրամադրել են զենք և իրենց տարածքը:
Նրա գնահատմամբ, այդպիսով Անկարան փորձել է լուծել տարածաշրջանում գերիշխման աշխարհաքաղաքական խնդիրը: Դրա համար թուրք ստրատեգներին անհրաժեշտ է ազատվել Բաշար Ասադից ու նրա ՙԲԱԱՍ՚-ից: Իսկ դա հնարավոր էր անել միայն փլուզելով Սիրիան` որպես միասնական պետություն: Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայի ներուժը թույլ չէր տալիս վերջինիս լրջորեն հավակնել տարածաշրջանում առաջատարության: Արդյունքում իշխանությունները դիմել են ավանտյուրիստական քաղաքականության:
ՙԱրդյունքը քրդական ինքանավար կազմավորումներն են, մեծ քանակությամբ փախստականները Թուրքիայի հետ սահմանին և այլն: Թուլացած Սիրիան արդեն չի կարող վերահսկել Թուրքիայի հետ սահմանը` փակելով այն Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների առջև, ինչպես արվում էր մինչև սիրիական ճգնաժամը` Դամասկոսի և Անկարայի միջև պայմանավորվածությունների համաձայն: Այստեղից էլ Թուրքիայի դիրքերի թուլացումը քուրդ ապստամբների դեմ պայքարում: Այլ կերպ ասած` ամենաբարձր մակարդակով քաղաքական արկածախնդրության հետևանքով Թուրքիան իր հարավային սահմաններին ձեռք բերեց քրդական ինքնավարություն, ինչը կհանգեցնի զինված քրդական ընդդիմության էլ ավելի ուժեղացմանը: Դրանով թուրքերը վարձահատույց կլինեն Էրդողանի ու նրա կուսակցության արկածախնդրության համար՚,- ամփոփել է Սաֆրաստյանը: