Սեպտեմբերի վերջին` հոկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի գլխավորությամբ: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության Լեհաստան այցի ընթացքում:
Սահակյանի ասելով, լեհ խորհրդարանականների առաջիկա այցի նպատակը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է: ՙԴեռ 2005 թվականին Լեհաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ այժմ լեհ խորհրդարանականները մտադիր են այցելել Հայաստան` Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, որպեսզի հասկանան, թե ինչով կարող են նպաստել միջազգային մակարդակով Ցաղասպանության ճանաչման գործընթացի աշխուժացմանը: Իմ գործընկեր Լուկաշ Աբգարովիչը և նրա գլխավորած խումբը պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների սահմանում աջակցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացմանը 100-ամյա տարելիիցի նախաշեմին՚, - հաղորդել է Սահակյանը: Նա նաև նշել է, որ լեհ խորհրդարանականները մտադիր են տեղում ավելի մանրամասն ծանոթանալ ղարաբաղյան հակամարտության պրոբլեմատիկային:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-26-ը Լեհաստանում էր պաշտոնական այցով: