Անհրաժեշտության դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, երկկողմ համաձայնագրերով ամրագրված պարտավորությունների համաձայն, կպաշտպանի ՀՀ անվտանգությունը, որն իր հերթին Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ մասին նոյեմբերի 27-ին Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ագրեսիայի դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներգրավմանն առնչվող հարցին:
Նախարարը նաև անհրաժեշտ չի համարում Հայաստանում երկրորդ ռուսական ռազմակայանի տեղակայումը: Նրա խոսքով, 102-րդ ռազմաբազան հայկական կողմի հետ միասին շատ լավ կատարում է իր առջև դրված խնդիրները:
Նրա խոսքով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և հայկական զինված ուժերը ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ միասին կշարունակեն պաշտպանել Արցախի սահմանները: Մեկնաբանելով նաև ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայմանը վերաբերյալ լուրերը` Օհանյանը նշել է, որ արցախյան սահմանները պաշտպանում են հայ զինվորները, ովքեր ԼՂՀ-ում շատ լավ կատարում են իրենց վրա դրված խնդիրը: