ԱրմԻնֆո-BLACK SEA PRESS: Երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցը քննարկվել է Վրաստանում, սակայն կառավարությունը որևէ որոշում չի կայացրել, ուրբաթ օրը ՙԻմեդի՚ հեռուստաընկերության եթերում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, պատգամավոր Վիկտոր Դոլիձեն։
Ավելի վաղ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել էր, որ վրացական կողմը, ինչպես նաև Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունները երկաթուղու աբխազական հատվածի բացման համաձայնություն են տվել։ Նրա խոսքով, երկաթուղու բացման հարցը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քննարկվել է սեպտեմբերի 3–ին Մոսկվայում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։
ՙԵս չգիտեմ, թե որ համատեքստում է այդ մասին ասել պարոն Բաղդասարյանը։ Ես գիտեմ, որ նրանք թե’ անցյալում, թե’ այսօր մտածում են տնտեսական նախագծերի և Աբխազիայի երկաթուղու զարգացման մասին, սակայն դուք գիտեք, որ նման որոշման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Մեկ բան է հարցի քննարկումը, մեկ այլ բան`կառավարության մակարդակով այդ որոշման առկայությունը։ Նման որոշում հաստատ չկա՚,– ասել է Դոլիձեն։
Ապրիլի 23–ին Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ելույթի ժամանակ վրացական կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ երկաթուղու աբխազական հատվածը ապագայում անպայման կբացվի, սակայն դա պետք է տեղի ունենա`առաջին հերթին հաշվի առնելով Վրաստանի շահերը: