Ադրբեջանը, խոցելով ղարաբաղյան ԶՈւ ուղղաթիռը, ռևանշ է վերցրել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը:
ՙ
Այդ գործողությունները պայմանավորված են երեք գործոնով, մասնավորապես`ընթացիկ տարվա գարնանը Նախիջևանում հայկական դիրքերը առաջ տանելու հանգամանով, ադրբեջանական դիվերսիոն խմբի բացահայտմամբ և այս տարվա հուլիս-օգոստոսին իրավիճակի սրմամբ՚,- գտնում է փորձագետը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ գնդակոծելով ուղղաթիռի անկման վայրը և թույլ չտալով հայկական կողմին վերցնել օդաչուների դիակները`Ադրբեջանը ցանկանում է ընդգծել հայկական կողմի անզորությունը:
Սաֆարյանը նաև գտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը, որ առաքելությունը չի կարողացել մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, քանի որ ադրբեջանական կողմը չի երաշխավորել վերջինիս անվտանգությունը, վկայում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սահմանափակված է իր գործողություններում:
ՙՆման վարքագծով Ադրբեջանը բացահայտ մարտահրավեր է նետել միջազգային կառույցներին, և ԵԱՀԿ-ն պետք է համապատասխան եզրակացություններ անի՚,- նշել է փորձագետը: Սաֆարյանը նաև գտնում է, որ եթե նույնիսկ բարձր մակարդակով բանակցությունների հերթական փուլ կազմակերպվի, Հայաստանը հազիվ թե որևէ հարցի քննարկման գնա նման աղաղակող միջադեպից հետո: Միաժամանակ նա գտնում է, որ հայկական կողմը պետք է այնպիսի պատասխան տա, որը կլուծի գոյություն ունեցող խնդիրը, այլ ոչ թե էլ ավելի կսրի իրավիճակը:
Ըստ որում, փորձագետը գտնում է, որ տարածաշրջանում իրավիճակի սրմամբ շահագրգռված են Թուրքիան և Ռուսաստանը: ՙԹուրքիան շահագրգռված է, որպեսզի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փլուզվի, այդ ժամանակ վերջինս հնարավորություն կունենար ազդել բանակցային գործընթացի ընթացքի վրա՚,- ընդգծել է Սաֆարյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա խոսքով, այն մտահոգված է Անդրադրիատիկ գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) գործունեության սկսմամբ: