Ադրբեջանի ընդամենը մեկ սխալ քայլը կարող է հանգեցնել այնպիսի
իրադարձությունների, որոնք կարող են հավասարազոր լինել Ռուսաստանի կողմից
Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչմանը,
այսինքն` Լեռնային Ղարաբաղի անկախության:
Այդ մասին SalamNews-ին հայտարարել է Ադրբեջանի միլլի մեջլիսի
ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Զախիդ Օրուջը: Մեկնաբանելով
Բաքվի արտաքին քաղաքական գծի վրա Վիլնյուսի գագաթնաժողովի ազդեցության
հնարավորթյունը` խորհրդարանականը նշել է,
որ Ադրբեջանի եվրատլանտյան տարածություն մտնելու գաղափարի բարձրաձայնումն իսկ
իրենց «կարող է թողնել առանց Լեռնային
Ղարաբաղի»: Այդ առնչությամբ Օրուջը կոչ է արել ուշադրություն դարձնել Մոսկվայի
ուղերձներին:
«Մենք պետք է հասկանանք,
որ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կրկին օրակարգ բերելը, Ղարաբաղի
նկատմամբ Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրականացման անհնարինությունը և դրա
հետևանքով խնդրի հանձնումը Ռուսաստանին`
այդ ամենը խոսում է Մոսկվայի ցանկությունների մասին, հետևաբար, ՆԱՏՕ-ի հետ
մերձեցման հարցում մենք պետք է չափազանց զգույշ լինենք», - ամփոփել է Օրուջը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ
ԱրմԻնֆոյին համանման կարծիք էր հայտնել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն`
գնահատելով Բաքվի նկատմամբ Ռուսաստանի ճնշման քաղաքականության հեռանկարները:
Նրա կարծիքով, Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար Ադրբեջանը պետք
է մեծ սխալ գործի` Կրեմլի տեսանկյունից:
Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կամ չճանաչումը, մասնավորապես, և
ադրբեջանահայկական դիմակայությունն, ընդհանրապես, ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի
նկատմամբ ճնշման լավ լծակ է: