Ֆրանսիան մտադիր է Ստրասբուրգում, ինչպես նաև Փարիզում հանդիպում կազմակերպել հայերի ու ադրբեջանցիների միջև, հայտարարել է է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ԱՊԱ-ին հարցազրույցում:
ՙԵկել է հաշտվելու ժամանակը: Այդ մոտեցման կողմնակից է նաև ԵՄ-ն, որը նույնպես առաջարկում է շփումներ հաստատել մարդկանց միջև: Դա շատ կարևոր է: Դուք չեք կարող հաշտեցնել երկու ժողովուրդներ, եթե կառավարություններն ասում են, թե նրանք թշնամիներ են: Կարծում եմ, որ դա հասկանում են նաև հակամարտող կողմերը, և հուսով ենք, որ դա գործով կցուցադրվի՚,-նշել է դեսպանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզում հաճախակի հանդիպումները նշանակում են, որ Ֆրանսիան պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` դեսպանը հայտարարել է, որ երեք համանախագահների միջև մրցակցություն չկա. նրանք աշխատում են` որպես մեկ թիմ. ՙՓարիզը պարզապես երբեմն շատ հարմար վայր է հանդիպումներ կազմակերպելու համար, քանի որ գտնվում է ԱՄՆ և Կովկասի միջև: Սակայն նման հանդիպումներ անցկացվել են նաև Կրակովում: Այնպես որ` Փարիզը շատ ուրախ է օգտակար լինել, սակայն դա առանձնանալու համար չէ՚:
Դեսպանի խոսքով, շատ դիտորդներ այս տարի,Հայաստանում և Ադրբեջանում ընտրությունների պատճառով, բանակցություններում բեկում չեն ակնկալում. ՙՍակայն դա չի նշանակում, թե տարին կորած է: Կարծում եմ, որ այս տարին կօգտագործվի նոր գաղափարներ նախապատրաստելու և կողմերի հետ դրանք քննարկելու համար: Եվ դա ինքնին նույնպես առաջընթաց քայլ է՚: