Գործարարությունը իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունից 2 տարի անց ձևավորվում է նոր կառավարությունը, որի անդամներից առնվազն հինգը կարող է հավակնել երկրի 20 ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ զբաղեցնելուն. վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առաջատարների եռյակի մեջ են մտնում, կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև Փաշինյանն իր խոսքերի ճշմարտացիությունը հաստատող օրինակներ է բերել: ՙՀովիկ Աբրահամյանը անկախության տարիներին գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցրել, ինչի շնորհիվ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է դարձել: Հազարավոր հեկտար հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ Երևանի կենտրոնում որ շենքի տակ կանգնում ես, ասում են` Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի: Դավիթ Հարությունյանն այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ կարելի է մտածել, որ նա անշարժ գույքի գործակալ է աշխատել: Օֆշորային սկանդալի մասնակից է նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով ընկերություն է բացել օֆշորային գոտում և կառուցել ՙԳոլդեն Փելես՚ հյուրանոցը: Նա կառավարության ծրագիրն անվանել է օլիգարխների բիզնես ծրագիրը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի առնչությամբ Փաշինյանը նշել է. ՙԻնչի մասին խոսում ես, ասում են Գագիկ Խաչատրյանինն է՝ ՙՅուքոմ՚, ՙՄեգաֆոն՚, ՙՄեգասպորտ՚, ՙՄեգաֆուդ՚: Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի, կոռուպցիայի դեպ պայքարի մասին: Կառուպցիան այն է, երբ Հովիկ Աբրահամյանը, երկար տարիներ զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, համակարգել է նաև գյուղատնտեսությունը, և այդ տարիներին 1.2 մլն դոլար եկամուտ ստացել գյուղատնտեսական արտադրանքից: Իսկ այդ ընթացքում հազարավոր ֆերմերներ վարկերի բեռի տակ են հայտնվել և լքել երկիրը: ՙՅուքոմ՚ ընկերության հիմնադրումից հետո ՊԵԿ-ը հանկարծ սկսել է հրաժարվել ՙԱրմենՏելի՚ ծառայություններից և ՙՅուքոմի՚ ծառայություններից օգտվել: Խաչատրյանն ասում է, որ այդ բիզնեսներն իրենը չեն, մեկը՝ եղբոր որդուն է պատկանում, մեկը՝ այլ բարեկամի՚,- հայտարարել է Փաշինյանը:
ՙՀովիկ Աբրահամյանին ասում ենք՝ ո՞նց եք այդ միլիոններն աշխատել, ասում է՝ հող եմ մշակել։ Պարոն Աբրահամյան համ հող եք մշակել, համ բարձրաստիճան պաշտոնյա եք եղել, եկեք արձանագրենք, որ որպես պաշտոնյա՝ ի՞նչ արդյունք ունենք՝ կրախի առաջ կանգնած երկիր, աղքատություն և մեծ շահույթներ գյուղատնտեսությունից: Այսինքն` Ձեզ մոտ ավելի լավ պամիդոր աճեցնելն է ստացվում, միգուցե դրանով զբաղվե՞ք՚,- ասել է Փաշինյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ իրեն ուղղված ռեպլիկներին, թե պետք չէ չարաճճիություն անել, Նիկոլ Փաշինյանն ասել է. ՙԵթե դուք թոթովախոս եք, ապա ԱԺ-ն մի խառնեք մանկապարտեզի հետ, հակառակ դեպքում մենք մեզ համարժեք կպահենք. մենք պսևդո դաստիարակների փորձ արդեն ունենք՚: