Ռուսաստանը չի փորձում Եվրասիական միության նախագծի միջոցով վերականգնել ԽՍՀՄ-ը: Ինչպես հաղորդում է Black sea press-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրացական ՙՌուսթավի-2՚ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՙԱյս գաղափարը /Եվրասիական միության/ միշտ աջակցություն է գտել Ռուսաստանի Դաշնության բոլոր ղեկավարների շրջանում: Եվ ոչ այն բանի համար, որ դա ռուսական գերիշխման գաղափարի առաջմղման գործիք է, այլ որովհետև մենք համատեղ կյանքի նման միջոցն առավել քաղաքակիր, առավել ժամանակակից ենք համարում՚,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով, խոսքը վերաբերում է ՙիրավահավասար ինտեգրմանը, տնտեսական ներուժի մերձեցմանը, առևտրի փոխշահավետ ձևերի կիրառմանը, հումանիտար համագործակցությանը՚:
ՙԻնչու՞ դա կարող է հետաքրքրել թե’ Վրաստանին, թե’ այլ երկրների: Քանի որ մենք հարևաններ ենք: Մենք երբեք հարևան չենք լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչ էլ որ լինի՚,- ասել է Մեդվեդևը:
ՙԻնչ էլ որ այսօր տեղի ունենա Եվրամիությունում, համաձայնեք, որ այնտեղ կան լավ ինտեգրված տնտեսություններ, որոնք ունեն ընդհանուր շուկա, ընդհանուր արժեքներ: Դա ընդհանուր առմամբ լավ է, և մենք պետք է օրինակ վերցնենք դրանից: Մենք ուզում ենք նման մի բան ստեղծել մեզ մոտ՚,- նշել է վարչապետը: