Ի՞նչ սկզբունքային փոփոխություններ են, Ձեր կարծիքով, տեղի ունեցել Հարավային Կովկասի անվտանգության համակարգում վերջին 5 տարում:
Ռուսաստանի նախաձեռնած քաղաքական, դիվանագիտական և ռազմական մեթոդներով, 08.08.08 պատերազմի հետևանքով Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ ձգձգված ստատուս-քվոյի խախտումից հետո, կարծում եմ, Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների վերականգնման երկար գործընթաց է սպասվում: Համենայն դեպք, գործընթացն ընթանում է բացառապես կառուցողական երկխոսության հունով: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է` հաշվի առնելով Ռուսաստանի աճող դերը` որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության երաշխավոր: Մոսկվան նաև առաջնահերթ դերակատարություն ունի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու առումով` այդ ուղղությամբ գործադրելով որոշակի ջանքեր, որոնք ուղղված են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը: Չեմ կարող չնշել, որ ԱՄՆ և Եվրամիությունը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունները` ի դեմս Թուրքիայի և Իրանի, նույնպես բավականին ակտիվորեն փորձում են ազդել տարածաշրջանի գործընթացների վրա` առաջարկելով իրենց բազմամակարդակ խաղաղ կամ նույնիսկ ոչ խաղաղ նախաձեռնությունները: Սակայն, այդպես էլ չբացված հայ-թուրքական սահմանի օրինակով, որը հայտնի պատճառներով պայմանավորվել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական փոխկապակցմամբ, մենք ականատես եղանք թուրքական դիվանագիտության ջանքերի ակնհայտ սահմանափակությանը:
Անդրադառնալով ռուս-վրացական երկխոսությանը` արդյո՞ք դրա թեմաներից մեկը երկաթուղու միջանցիկ աբխազական հատվածի ապաշրջափակումն է:
Անշուշտ, այդ երկխոսությունն ընթանում է, այդ թվում`տրանսպորտային մայրուղիների ապաշրջափակման հարցի շուրջ: Աբխազիայով միջանցիկ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը խիստ կարևոր հարց է Հայաստանի համար: Այդ հարցն ակտիվորեն քննարկվում է, բայց ակնհայտ է, որ դրա իրականացման ճանապարհին քաղաքական բավականին լուրջ արգելապատնեշներ կան: Հատկանշական է, որ վերջին ժամանակներս ինչպես Վրաստանում, այնպես էլ Աբխազիայում այդ նախագծի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, քանի որ նման մեխանիզմների առաջացումը կկանխորոշեր նաև դիվանագիտական բանակցությունների ելքը: Այսօր կարելի է վստահաբար նշել է, որ հետխորհրդային տարածությունում նոր ինտեգրացիոն միավորումների նախաձեռնությամբ հանդես եկեղ Ռուսաստանի շահերին չի համապատասխանում նոր պատերազմը կամ հակամարտությունը` լինի դա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, թե Հարավային Օսիայի շուրջ: Նշեմ, որ տարածաշրջանում անդրսահմանային սպառնալիքների` ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառման, տարբեր քայքայիչ գաղափարների տարածման ռիսկ կա: Այս ամենն օբյեկտիվորեն մերձեցնում է Ռուսաստանին Հարավային Կովկասի երկրների և այդ թվում` Վրաստանի հետ` երկխոսության և համագործակցության լրացուցիչ տարածություն ստեղծելով:
Ինչն է առաջին հերթին խոչընդոտում երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակմանը:
Երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակման ճանապարհին խոչընդոտները տարբեր են`ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ:Հայաստանում, հավանաբար, ուշադրություն են դարձրել բրիտանական International Alert կազմակերպության`1991 թվականից անգործության մատնված աբխազական երկաթուղու վերակառուցման հեռանկարների վերաբերյալ հետազոտություններին: Նրանք որոշ բավականին հիմնավորված հաշվարկներ են ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ այդ ճանապարհի շահագործման անարդյունավետության վերաբերյալ եզրակացության են հանգել, ամենից առաջ`հնարավոր է բեռնահոսքի սղության պատճառով: Կարծում եմ, այս տեսակետը փոքր-ինչ խորամանկ է թվում: Այդ հարցը քննարկելով համալիր կերպով, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի շուկաներ Ռուսաստանի առաջխաղացման հետ մեկտեղ, Հայաստանն Իրանի հետ կապող Հյուսիս-Հարավ միջանցքի ձևավորման համատեքստում, այդ հարցը միանգամայն այլ նշանակություն է ձեռք բերում: Բացի այդ, ամենևին ամեն բան չէ, որ սոսկ տնտեսության և պրագմատիկ հաշվարկների հիման վրա է ձևավորվում: Գոյություն ունի աշխարահաքաղաքականություն, ինչը վերջին հաշվով ևս ազդում է տնտեսության վրա, վերջիվերջո, տարածաշրջանի զարգացման հարցեր, Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական տարածությանը: Այդ պատճառով աբխազական հատվածի շահագործման օբյեկտիվ նախադրյալներ, իհարկե, կան:
Սուբյեկտիվ նախադրյալների թվում առաջին հերթին նշեմ հաղորդակցական ցանկացած նախագծից Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի 20-ամյա ձգտումը: Դրանց ավելանում է Ադրբեջանի դաշնակից որոշ երկրների դիրքորոշումը, որոնք ևս դրանում շահագրգռված չեն:
Հայաստանում և Ադրբեջանում գտնում են, որ ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի շփման գծում ուժերի հավասարակշռությունը պահպանվում է բացառապես իրենց ջանքերի շնորհիվ: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը ստատուս-քվոյի պահպանման հարցում:
Իհարկե, որոշ իմաստով ստատուս-քվոն և ուժերի հավասարակշռությունը պահպանվում է հակամարտության կողմերի ջանքերով, սակայն դրանում ոչ պակաս դեր է խաղում նաև Ռուսաստանը` հատկապես ուժերի հավասարակշռության պահպանման մասով: Գաղտնիք չէ, որ մեզ համար տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսումը խիստ բացասական սցենար է` դրանից բխող հետևանքներով: Այս պայմաններում Մոսկվան փորձում է տարածաշրջանային հակամարտությունների, նույն ղարաբաղյան հակամարտության, կարգավորումը կապել առանձին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողների այլ շահերի հետ: Օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը որոշ իմաստով Ռուսաստանի եվրասիական նախագծերին Երևանի ինտեգրման հետևանք է: Բացի այդ, Կրեմլը մի քանի մակարդակով պահպանում է ուժերի հավասարակշռությունը հակամարտության տարածաշրջանում:
Մեխանիզմներն են` Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ ռազմաքաղաքական, ռազմավարական համագործակցությունը և համանման համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում: Բնական է, որ այդ համագործակցությունը լրացվում է ամենատարբեր ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցությամբ, որը, կարծում եմ, իրականում ավելի խորը բնույթ է կրում, քան թվում է առաջին հայացքից: Նման համագործակցությունը տեղավորվում է հայ-ռուսական և ադրբեջանա-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ:
Ի՞նչ դեր են խաղում ռուսական սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին Ձեր կողմից հնչեցված Մոսկվայի ռազմավարությունում:
Կարծում եմ` Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունն, առաջին հերթին, այնուամենայնիվ, հետապնդում է Ղարաբաղյան հակամարտության գոտում նոր, լայնածավալ պատերազմի կանխարգելումը: Այդ քաղաքականությունը երկարաժամկետ է և հիմնված է արտաքին սադրանքները կանխարգելելու ռազմավարության վրա, որոնք, տեսականորեն, կարող են կայծի դեր կատարել սառեցված հակամարտության կրկին բռնկման համար: Կարծում եմ, որ Ռուսաստան և Իրանի միջև համագործակցությունը տարածաշրջանում նոր պատերազմի կանխարգելման հնարավորություններ կստեղծի: Հաշվի առնելով, որ Իրանը նույնպես, ելնելով մի շարք պատճառներից, հետաքրքրված չի իր հյուսիսային սահմանների բոցավառման մեջ` այդ համագործակցությունը կարող է բավականին արդյունավետ բնույթ կրել:
Մաքսային միությանը Հայաստանի մոտալուտ անդամակցության, Ադրբեջանին զենքի մատակարարումների, Հայաստանում ռազմական ներկայության ամրապնդման շնորհիվ Ռուսաստանն զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում: Արդյո՞ք դա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստող գործոն կհանդիսանա:
Ամեն անգամ, երբ Հարավային Կովկասում տեղի են լինում իրադարձություններ, որոնք վկայում են Ռուսաստանի ուժեղացման մասին, որոշ կենտրոններում իսկույն հիշում են չկարգավորված ղարաբաղյան հակամարտության, ավելի գործուն միջնորդության անհրաժեշտության մասին:
Այս համատեքստում նշեմ, որ երկու տարվա ընդմիջումից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը նախորդել էին Ղարաբաղի շուրջ նոր, լայնամասշտաբ պատերազմ կանխատեսող մի շարք հոդվածներ` հրապարակված արևմտյան առաջատար ԶԼՄ-ներում: Բնական է, որ նման քարոզչական հրապարակումները միայն խանգարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ նորմալ և կառուցողական երկխոսոթյանը: Ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորումը կարող է հիմնվել բացառապես երկկողմ փոխզիջումների վրա: Մինչդեռ ՙՄադրիդյան սկզբունքներն՚, իրենց թերմշակվածության պատճառով, այդ փոխզիջումը չեն պարունակում: Ցավոք, առանց սահմանին միջադեպերի կանխարգելման` արդեն գոյություն ունեցող համաձայնությունների իրականացման և մարտական գործողությունների չվերսկսման երաշխիքների, այդ սկզբունքներով նախատեսված փոխզիջումները գործնականում անհնար են: