Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը կգլխավորի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` փոխարինելով Արմեն Մովսիսյանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել Հայաստանի հանրապետական կուսակցության աղբյուրներից: Հայտնի է դարձել նաև, որ իր պաշտոնը կլքի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը. այդ պաշտոնում նրան կփոխարինի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները կպահպանեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև երիտասարդության և սպորտի հարցերի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը: Կադրային փոփոխություններ են սպասվում նաև կուսակցության խորհրդարանական խմբակցությունում: Գալուստ Սահակյանի`ԱԺ նախագահ ընտրվելուց հետո խմբակցությունը, հնարավոր է, գլխավորի Սամվել Նիկոյանը: Խմբակցության քարտուղար կշարունակի մնալ Հովհաննես Սահակյանը: